Մենք մեր դիտարկումները արեցինք, ես հայտարարեցի, որ վերապահումով ենք կողմ քվեարկելու Գյումրու բյուջեին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը։
«Բյուջե չունենալու պատճառով համայնքի բազմաթիվ ծրագրեր մնում էին օդի մեջ, հնարավոր չէր լուծումներ տալ, և այդ ամենը հաշվի առնելով մենք կողմ քվեարկեցինք, որպեսզի չպարալիզացվի քաղաքը։ Սովորաբար տարվա բյուջեն պլանավորում են մի քանի ամիս շուտ, հստակ հոդվածներով, բայց բնական է, այս անգամ չէին հասցնի, երևի հին բյուջեն վերցրել են, մենք ուսումնասիրել ենք մոտավորապես 90%-ով, նույնը կրկնվել է։ Հաջորդ՝ 2026 թվականի համար ավելի մանրամասն կներկայացնեն, մեր առարկությունները կունենանք, կնշենք։ Ավտոկայանատեղերի հետ կապված կետ էին մտցրել, որպեսզի վճարովի դառնան, բայց ընդունեցին մեր դիտողությունը, հիմա նորից զրո է։ Մենք գտնում ենք, որ երբ Գյումրու փողոցները կբերվեն պատշաճ վիճակի, այդ ժամանակ մենք կարող ենք քաղաքացիներից նաև պահանջել ավտոկայանատեղերի գումար։ Դեռ փողոցները ահավոր վիճակում են, 70%-ը քանդված վիճակ է, այդ իրավիճակում հավելյալ մեր քաղաքացիներից գումար վերցնելը գտնում ենք, որ ճիշտ չէ։ Ի պատիվ համայնքապետարանի, ընդառաջ գնացին մեր առաջարկին։
Մեզ համար ինքնանպատակ չի անպայման դեմ լինելը, և դեռ նորմալ աշխատում ենք։ Եթե խնդիրներ տեսնենք, կոռուպցիոն ռիսկեր տեսնենք, անպայման կբարձրաձայնենք, հետևից կգնանք, չենք թողնի, որպեսզի մեր քաղաքի բնակիչների վճարած գումարներից որևիցե մեկ լումա գրպանվի»,–ասաց նա։
Հարցին՝ Ձեր պաշտոնավարման շրջանում ու հիմա շատ բա՞ն է փոխվել քաղաքապետարանում կադրային առումով, Սարիկ Մինասյանը պատասխանեց. «Բավականին կադրային փոփոխություններ եղել են։ Ինձ հասած տեղեկություններով, քաղաքաշինության բաժնի աշխատակիցներին է խիստ նկատողություն տվել, ազատել է աշխատանքից: Այն մարդիկ, որոնք ուղղակի ստանում են աշխատանք ոչինչ չանելով, ես էլ միանշանակ կողմ եմ, որ այդ մարդիկ չպիտի աշխատեն, իսկ այն մարդիկ, որոնք աշխատում են, պետք է նորմալ աշխատավարձ ստանան, որպեսզի նվիրվեն իրենց գործին։ 80 հազար դրամով ի՞նչ աշխատանք, ի՞նչ որակ պիտի ցույց տան։ Դա վերաբերում է նաև իրենց հետ եկած մարդկանց, այդ հարցերն էլ մենք ուշադրության կենտրոնում պահելու ենք, հետագայում տեսնենք իրենց նշանակած մարդիկ արդյոք արժեք ստեղծում են, թե ուղղակի իրենց թաղից են, բարեկամն են, այդ պատճառով են հասել այստեղ»։