Հայաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները մի շարք տարածաշրջանային հարցերի վերաբերյալ բավական սերտ են։ Դա հաճախ չի պատահում, բայց հիմա նաեւ նկատելի է, որ մենք բավական նման ընկալումներ ունենք միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ, եւ սա նույնպես ազդեցություն ունեցող գործոն է։ Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ՝ Էրդողանի հետ հանդիպումից առաջ։
«Տարածաշրջանում, Իրանում տեղի ունեցող իրադարձությունները, անշուշտ, շատ մտահոգիչ են, եւ ես վստահ եմ, որ դրանք շատ նշանակալի տեղ են զբաղեցնում Թուրքիայի նախագահի աշխատանքային օրակարգում եւ, ակնհայտորեն, բավական մեծ տեղ են զբաղեցնում մեր աշխատանքային օրակարգում։ Այցը տեղի է ունենում նման պայմաններում, եւ սա նշանակում է, որ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Հայաստանը կարեւորություն են տալիս դրան»,- ավելացրել է նա։
Փաշինյանը նշել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ սերտ համագործակցությունն ու խոր հարաբերությունները գաղտնիք չեն։
«Մենք գիտենք այդ հարաբերությունների մասին, գիտենք այդ հարաբերությունների սերտության մասին, բայց մենք չենք ուզում բաժանարար գծեր։ Ընդհակառակը, մենք ցանկանում ենք տարածաշրջանում հաստատել կայուն եւ երկարատեւ խաղաղություն, այս համատեքստում ես մեծ նշանակություն եմ տալիս Թուրքիայի հետ մեր երկխոսությանը։
Ես կարեւոր եմ համարում անձամբ Թուրքիայի նախագահի հետ կիսվել մեր մոտեցումներով՝ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի եւ խաղաղության օրակարգի հետագա ընթացքի հետ։ Ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների որակը չի կարող չազդել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վրա»,- ավելացրել է Փաշինյանը։
Նա ցանկալի է համարել Թուրքիայում Հայաստանի հյուպատոսության բացումը։
«Մեր նպատակը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, սահմանների բացումը, ինչը ենթադրում է ավտո- եւ երկաթուղային ճանապարհների բացում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ»,- եզրափակել է Փաշինյանը։
